Լույս է տեսել գրականագետ, արձակագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Հատուցման տասներեք ղողանջ» պատմվածքների ժողովածուն: Սա հեղինակի հինգերորդ գիրքն է, ամփոփում է նրա վերջին տարիների ուսումնասիրությունները:
«Կոնկրետ թեման մի փոքր անսովոր է հանրության համար,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը:- Ես 15-20 տարի է` ուսումնասիրում եմ մեր ազատագրական շարժումները: Նկատի ունեմ` 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ֆիդայական շարժումից մինչև Արցախյան ազատամարտ: Կարծես թե ֆիդայական շարժման մասին ասվել է, գրվել, հիմա էլ գրվում է: Արցախյան ազատամարտը նույնպես ուշադրության կենտրոնում է, բայց օրգանական կապի մեջ գտնվող այս երկու շարժումների միջև կա միջանկյալ մի սերունդ, որի մասին ոչ միայն ոչինչ չգիտենք, այլև չենք էլ ուզում իմանալ»:
Խոսքը 1970-80-ականներին սփյուռքում ծայր առած նորագույն զինյալ պայքարի մասին է, որ կոչվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ)»: Կարո Վարդանյանը նկատեց, որ մինչև 1975 թվականը աշխարհը չգիտեր Ցեղասպանության մասին, շատերը չգիտեին անգամ, թե ով է հայը, Հայաստանը. «Մեր գաղթօջախները ապրիլի 24-ը նշել են եկեղեցիների բակում, ակումբներում, իրենք իրենց մեջ ամփոփված: Միայն 50-60 տղաների շնորհիվ (ճիշտ է, ոչ ընդունելի մեթոդներով) հնարավոր եղավ աշխարհին պարտադրել, որ խոսեն այս ցավի մասին: Այսօր ինչո՞ւ ենք մենք դա թաքցնում, որովհետև աշխարհը նրանց կոչեց ահաբեկի՞չ: Բայց որևէ մեկը մտածե՞լ է` 18- 20 տարեկան պատանիները, որ նոր պետք է սիրահարվեին, կյանք մտնեին, հանկարծ զենք են վերցնում` որպես մահապարտ: Մի՞թե սա գրականության և արվեստի նյութ չէ»:
Գուցե ոչ թե թաքցնում են, այլ ուղղակի չեն անդրադառնում: Զրուցակցիս կարծիքով` դա արդարացում չէ: Նա նշեց, որ մեր պատմաբանները չգիտեն ինչ է ԱՍԱԼԱ-ն, սփյուռքում էլ չեն ուսումնասիրել, որովհետև մեր կուսակցությունները չեն ողջունել այդ շարժումը: «Այսօր Եռաբլուրում ԱՍԱԼԱ-ն ունի իր անկյունը. մոտ չորս տասնյակ խորհրդանշական տապանաքարեր են` առանց աճյունների: Հայտնի էլ չէ` շատերի աճյունները որտեղ են: Տարեթվերից պարզ է, որ 18-20 տարեկան տղաներ են, ու նրանց անուն-ազգանունները, կարելի է ասել, մեզ ոչինչ չեն ասում»:
Կարո Վարդանյանը ուսումնասիրել է և վստահեցնում է, որ մեծ մասամբ հրաշալի մարդիկ են, նվիրյալներ, ամեն մեկի կենսագրությունը մի ամբողջ վեպի նյութ է: Գիրքը հենց դրա մասին է, ուսումնասիրությունները հնարավորություն են տվել մի քանի պատմվածք գրելու այդ թեմայով. «Մենք չենք կարող ուրանալ, սա մեր պատմությունն է: Գիրքը նաև յուրովի անդրադարձ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին. իմ տեսանկյունից փորձել եմ մեր ստեղծագործողների, ընդհանրապես ընթերցողների լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել այս թեմայի վրա: Մենք ընդամենը հիշում ենք մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, այն էլ Մարտունիից, բայց եթե նա չմասնակցեր ազատամարտին, այդ անունն էլ մեզ ոչինչ չէր ասի, ինչպես չեն ասում Հարություն Թագուշյանի, Հակոբ Տարագճյանի, Եղիա Քեշիշյանի, Զավեն Աբեթյանի, Կառլեն Անանյանի և տասնյակ այլ նահատակների անունները»:
Երբեմն-երբեմն սոցցանցերում, մամուլում ինչ-որ հայտարարություններ են տարածում ԱՍԱԼԱ-ի անունից: Կարո Վարդանյանի համոզմամբ` դա արկածախնդրություն է, այդ կազմակերպությունը չկա: Նրա տեղեկացմամբ` այսօր կան ԱՍԱԼԱ-ի մի քանի վետերաններ, որոնք հիմնականում եվրոպական քաղաքներում են գործողություններ իրականացրել, որտեղ մահապատիժ չկար, երկարաժամկետ պատիժը կրել են ու ազատ արձակվել: Միայն նրանք իրավունք ունեն ԱՍԱԼԱ-ի անունից հանդես գալու, որովհետև ԱՍԱԼԱ-ի մարտիկներ են եղել: «ԱՍԱԼԱ-ն 1975-ի հունվարի 20-ին ազդարարեց իր մասին: Դա անհատի պատերազմ էր աշխարհի, թուրքական բռնակալության դեմ: Երբ Հայաստանը անկախացավ, նրանք այնքան հեռատես, դատողունակ տղաներ էին, որ կազմակերպությունը լուծարեցին: Արդեն կա Հայաստան, որը նաև խոցելի է աշխարհի համար: Հիմա նրանք` այդ նույն վետերանները, փայփայում են մեր նորաստեղծ բանակը, աղոթում են այդ բանակի հզորացման համար, և մենք կարիք չունենք ֆիդայական և այլ-այլ խմբերի»:
Հավելենք, որ գրքում ներկայացված պատմվածքներով առաջին անգամ գեղարվեստական գրականության թեմա են դարձել նորագույն ժամանակների հայ առաջին վրիժառուի՝ Գուրգեն Յանիկյանի բռնարարքը և դրա հետևանքով ձևավորված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA): Փաստագրական հարուստ նյութերի հիման վրա առանձին ակնարկով ներկայացված է նաև Զորավար Անդրանիկի պատմական դիմանկարը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ